ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Պարբերաբար հին զենքերը բերում, ցուցադրում, տանում են»

«Պարբերաբար հին զենքերը բերում, ցուցադրում, տանում են»
24.06.2016 | 00:31

Ռազմական արդյունաբերության կարևորությունը փաստող քննարկումների լայն դաշտ բացվեց ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Տեսակետներն իրարամերժ էին, ոմանք վստահեցնում էին, թե Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող ռազմարդյունաբերությունը զարգացնել, մյուսներն ուղիղ հակառակն էին պնդում` վկայակոչելով Հայաստանի դեռ մասամբ պահպանված գիտական ներուժը: Այս ողջ իրարանցման մեջ այդպես էլ պարզ չեղավ, թե, ի վերջո, Հայաստանի ռազմարդյունաբերությունն ինչ վիճակում է: Հզոր ներուժով և արդեն կայացած համալիրը հոգեվարքի մեջ էր 1999-ից: Այսօր գիտնականներն ու մասնագետները կասկածանքով են վերաբերվում համալիրի ամբողջական վերականգնման հնարավորությանը (իհարկե, եթե նման ցանկություն երբևէ լինի), սակայն հավաստիացնում են, որ լուրջ ուշադրության դեպքում, այդուհանդերձ, հնարավոր է մասնակիորեն որոշ ճյուղեր վերագործարկել: «Իրատեսը» հանդիպեց ՌԱՀ-ի ակունքներում կանգնած մասնագետներից մեկի` ԱՐԹՈՒՐ ԱԶԻԶԲԵԿՅԱՆԻ հետ, ով բավականին ուշագրավ մանրամասներ ներկայացրեց: Նա եղել է համալիրի թեթև սպառազինության գլխավոր կոնստրուկտոր և գլխամասային ձեռնարկության տնօրեն:

-Այսօր Հայաստանին պե՞տք է ռազմարդյունաբերական համալիր:
-Աշխարհում ընդամենը հինգ երկիր կա, որ ամեն ինչ արտադրում է (Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա): Բնականաբար, այդ երկրների հետ ոտք գցել չենք կարող, բայց կան խիստ անհրաժեշտ ռազմարդյունաբերական ճյուղեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել երկրի անվտանգության ապահովումը։ Ավելին, Հայաստանն ի զորու է նաև այս ուղղությամբ հաջողություն գրանցելու: Իրավիճակն այնպիսին է, որ այսօր մի երկիր կարող է քեզ զենք, զինամթերք տալ, բայց հաջորդ պահին, հնարավոր է, փամփուշտ էլ չտա, և դու կկանգնես փաստի առաջ: Նման դեպքեր եղել են: Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ էլ դա երևաց:
-Մարտի դաշտում փամփուշտը զինվորի թթվածինն է. չկա փամփուշտ, չկա կյանք: 90-ականներին Հայաստանն այն սակավաթիվ երկրներից էր, որ փամփուշտի արտադրություն ուներ: Ժամանակին այս առումով կար երկու տեսակետ` նման արտադրության անհրաժեշտությունը չկա, քանի որ միշտ կարելի է անսահմանափակ քանակությամբ և էժան գնել Ռուսաստանից, և երկրորդ՝ պետք է անպայման գործարկել հոսքագիծը, քանի որ սատանան կարող է չար կատակ անել: Տեղյա՞կ եք, թե այսօր ինչ վիճակում է այդ հոսքագիծը:
-Հիմա դա և դուստր ձեռնարկությունը կանգնած են: Սեփականաշնորհված ու վաճառված է այլ երկրի քաղաքացու: Այնինչ փամփուշտի սեփական արտադրությունը պարտադիր է: Այն ժամանակ հենց դրա կարևորությունը գիտակցվեց, որովհետև այսօր դու լավ հարաբերությունների մեջ ես որևէ երկրի հետ և նրանից փամփուշտ ես գնում, բայց վաղը, ենթադրենք, հարաբերությունները խզվեցին, ի՞նչ ես անելու: Ինչ վերաբերում է փամփուշտի էժան ձեռքբերմանը, դու կարող ես էժան գնել, բայց այն լինի ժամկետանց: Այսինքն, նոր փամփուշտը չի կարող էժան լինել, իսկ ժամկետանցն էլ խնդիրներ է ստեղծելու:
-Այսօր մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները (Իրան, Թուրքիա, Վրաստան) ունեն զարգացած ռազմարդյունաբերական համալիր: Որոշ տվյալներով, Վրաստանն անգամ ռազմական մեքենա է արտահանում, Թուրքիան շատ ավելի մեծ ու հզոր տեսականի ունի, նույնը նաև Իրանը: Հայաստանը, ունենալով ղարաբաղյան հիմնախնդիր, պետք է գոնե այս երկրներին համաքայլ շարժվեր, սակայն այս առումով ոչ մի հպարտանալու բան չունենք: Այսպիսի «շռայլություն» կարո՞ղ ենք մեզ թույլ տալ:
-Թուրքիայի պես ՌԱՀ ունենալը մեր հնարավորության սահմաններից դուրս է, պարզապես մեզ պետք է այն խիստ անհրաժեշտը, որի կարիքը մենք ունենք: Խոսքը թեթև հրազենի, տակտիկական հրթիռային համակարգերի, փամփուշտի, ականի, ականանետների արտադրության մասին է: Սա մեծ ներդրումներ չի պահանջում, մանավանդ որ ժամանակին այդ ներդրումները կատարվել են: Սրանց արտադրությունն անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Մենք օրնիբուն խոսում ենք անկախության մասին, բայց անկախության մի մասը բանակի անկախությունն է: Չեմ ասում, որ մենք կարող ենք ՍՈՒ-31 ինքնաթիռ կամ ինքնակառավարվող հրթիռներ արտադրել, որովհետև դա մեծ ներդրումներ է ենթադրում, առավել ևս մեր պահանջները քիչ են, իսկ դրանք արտահանել մեզ ոչ ոք թույլ չի տա, այսօր զենք արտահանող երկրների թիվն այնքան էլ մեծ չէ: Բոլորն իրենց սահմանների մեջ են: Իսկ թանկ ու բարդ տեխնիկա արտադրել միայն նրա համար, որ դրանից քսան հատ ունենաս, ոչ մեկին ձեռնտու չէ: Հասկանալի է, որ այսպիսի շռայլության գնալ պետք չէ, բայց վերևում թվարկված զինատեսակների արտադրությունն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի վերջին նռնակով մեր զինվորն ինքն իրեն չպայթեցնի: Այդպիսի արտադրություն եղել է մինչև 1999 թվականը:
-Ինչո՞ւ այդքան հեշտ հրաժարվեցինք անվտանգության ամենակարևոր երաշխիքից` ՌԱՀ-ից:
-Որոշում կայացվեց, որ զենքը դրսից էժան բերվի: Բայց պարզ էլ չէ, դա այդքան էժա՞ն էր, թե՞ ոչ: Նորմալ համարվեց, օրինակ, Չինաստանից օգտագործված հրազենը 30 դոլարով ներկրելը: Բնականաբար, նորը չի կարող այդքան արժենալ: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց, ու հիմա մենք 80-ականների զենքով ենք կռվում:
-ՏՏ ոլորտի մասնագետները հայտարարեցին, որ իրենք կարող են անօդաչու թռչող սարքեր ստեղծել: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Դա իրենից ոչ մի բարդ բան չի ներկայացնում: Շատ թեթև արտադրություն է, ուղղակի դրանով պետք է զբաղվել: Այսօր Հայաստանում կան անօդաչու թռչող սարքեր, որոնք պատրաստվում են քաղաքացիական կիրառման համար՝ սեփական տարածքը հսկելու նպատակով: Սակայն դրանք մարտական ու ռազմական նպատակներով չեն կարող օգտագործվել: Եղածի բազայի վրա կարող են պատրաստել ռազմական ԱԹՍ-ներ, պարզապես ժամանակի և ֆինանսների խնդիր է:
-Գիտական ներուժը բավարա՞ր է:
-Այո, և՛ այս ոլորտի, և՛ ռազմական արտադրության մյուս ճյուղերը ոտքի կանգնեցնելու համար մարդկային ներուժ դեռ կա: Բայց մի քանի տարի անց կարող է դա էլ չլինել:
-Հայտնի է, որ ՌԱՀ-ը երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունի, մյուս ոլորտները ձգտում են ռազմարդյունաբերությանը համաքայլ շարժվել: Այս տեսանկյունից ի՞նչ կտա մեզ ՌԱՀ-ի վերականգնումը:
-Մարդկությունն իր ողջ գործունեությունը ծավալել է զենքի շուրջ, ամեն ինչ անում է զենք ստեղծելու համար: Այս առումով առաջատարը Խորհրդային Միությունն էր, որն իր բյուջեի շուրջ 60 տոկոսը հատկացնում էր ռազմարդյունաբերությանը: Բոլոր սառնարանները, մեքենաները ռազմարդյունաբերական ձեռնարկությունների լրացուցիչ արտադրանքն էին: Ժամանակին կար Խարկովի հեծանիվների գործարան, որն իրականում արտադրում էր գնդացիրներ: Նույնիսկ անեկդոտ էին հորինել այս գործարանի մասին. գործարանի աշխատակիցներից մեկը փողոցում հանդիպում է ընկերոջը: «Ո՞Ւր ես գնում»,- հարցնում է ընկերը: «Հեծանիվ գնելու»: «Գործարանում ես աշխատում, որ մաս-մաս բերես, հեծանիվը կհավաքես»,- կատակում է ընկերը: «Երեք անգամ փորձել եմ, երեք անգամ էլ գնդացիր է դուրս եկել»,- հակադարձում է մյուսը:
-Այսօր ՌԱՀ-ը «մահացել» է, դրա եզրին է նաև տնտեսությո՞ւնը:
-Այո: Միշտ փողը դրվում էր ռազմարդյունաբերության մեջ, իսկ «քաղաքացիական» արտադրությունը կողքից շահում էր: 90-ականներին փորձեցինք առանձնացնել դրանք ու բավականին հաջող կարողացանք առաջ տանել այս ճյուղը: Մենք ոչ մեկից չենք պատճենահանել, ստեղծել ենք սեփական մոդելները: Հզոր արդյունաբերություն ունեցող ոչ բոլոր երկրներն ունեն սպառազինության սեփական տեսականի: Օրինակ, Թուրքիան սեփականը չունի, պատճենահանում, արտադրում է այս կամ այն երկրի մոդելները: Նույնիսկ Իսրայելի նման երկիրը ռուսական «Կալաշնիկով» էր արտադրում, անունը դնում` «Գալիլ»: 1996-ին Հունաստանում տեղի ունեցավ սպառազինության ցուցահանդես, Հայաստանը ևս մասնակցում էր: Արդյունքում 97-ին մեր տեսականին ներառվեց «Ջեյնս» հայտնի կատալոգում, քանի որ ոչ մի երկրից կրկնօրինակում չէինք արել: Այսքանը ստեղծելուց հետո որոշեցին, որ այս ամենը թանկ է, մեզ պետք չէ, ավելի լավ է դրսից էժան գնել:
-Այդ տարիներին դրսից զենքի արտադրման պատվեր ստացե՞լ եք:
-Իհարկե, արտահանում ունեինք, ու հենց դրա համար էլ քանդեցին: Արդեն խնդիրներ առաջացան:
-Խնդիրը դրսո՞ւմ էր, թե՞ ներսում:
-Ներսում: Ինչո՞ւ պետք է դրսից քո արտադրանքը գնեն, իսկ դու` ոչ: Սա նույնն է, թե Պիեռ Կարդենը հագնի Արմանիի կոստյումը: Կլինի՞: Կնշանակի ինքը լավը չի արտադրում, որ ուրիշից է գնում:
-Ի վերջո, այսօր հնարավո՞ր է ողջ հզորությամբ վերականգնել ՌԱՀ-ը:
-Հնարավոր է, բայց առաջին հերթին պետք է գույքագրում անել և պարզել, թե ինչ է մնացել համալիրից: Դրանից հետո կարելի է ասել` ինչ չափով այն կարող է աշխատել: Ճյուղեր կան, որ հաստատապես կաշխատեն: Հայաստանում ՌԱՀ-ը ստեղծվել է զրոյից, բայց տարածաշրջանում միակն էր, որ ԽՍՀՄ-ից անկախ արտադրել է հրազեն: Իսկ այս ամենը միայն ֆինանսով չի պայմանավորված:
-Համալիրի` հարկադիր պարապուրդի մեջ գտնվելու այս տարիներին որևէ պաշտոնյա հետաքրքրություն ցուցաբերե՞լ է դրա գործարկման առնչությամբ:
-Ամեն տարի պաշտպանության նախարարությունը կազմակերպում է սեփական արտադրության ցուցահանդեսներ: 1998-ից հետո ոչինչ չի փոխվել: Պարբերաբար հին զենքերը բերում, ցուցադրում, տանում են: Ընդ որում, դրանց մեծ մասն այն ժամանակ փորձնական նմուշների կարգավիճակ ուներ, այսինքն` դեռ արտադրության չէր ուղարկվել: Այսօր այդ կարգավիճակով էլ մնացել է, իմա` եղած գործնական նմուշը, որն իրեն, այսպես ասած, դրսևորել էր արդեն, պետք է արտադրություն մտներ: Ամեն ինչ մնացել է նախնական վիճակում:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ